Search
Close this search box.

Հրազդան-Երևան տրանսպորտը 50%-ով թանկացել է․ինչ է առաջարկում մարզային իշխանությունը

Հրազդանցիներն ահազանգում են, որ Երևան-Հրազդան տրանսպորտն այսօրվանից 50 տոկոսով թանկացել է: Տաքսու վարորդներն 500 դրամ ուղեվարձը սահմանել են 750: Պատճառաբանում են՝ ամեն ինչ թանկացել է, դիզվառելիքի գինը կրկնակի բարձրացել է, իրենց օգուտը որն է:

«2018թ-ի իշխանափոխությունից հետո, Հրազդան-Երևան միջքաղաքային միկրոավտոբուսները անհասկանալի պատճառներով հանվեցին, մեկ ուղևորի վարձը 400 դրամ էր, ժողովուրդը մնաց տաքսիների հույսին, օրական ինչքան ուսանող, աշխատող է Երևան մեկնում, հիմա պատկերացնում եք՝ սա ինչ հարված է մեր գրպանին»,-ասում է Երևան մեկնող կինը:

Հրազդանի քաղաքաետի ընտրություններին թեկնածությունն առաջադրած Լևոն Ստեփանյանը, ով նաև «Հրազդան ԱՆՎՃԱՐ» տրանսպորտ խմբի հիմնադիրն է, նկատում է․

«Բնականաբար, հասկանում ենք, որ գլոբալ թանկացման պայմաններում, հնարավոր ա նաև տրանսպորտի թանկացում լինի, բայց միանգամից 50%, էդ արդեն աբսուրդ ա:

Չգիտեմ՝ ով է էդ որոշումը կայացրել, բայց հեչ լավ որոշում չի, հրազդանցին «անտեր» չի, որ ով ոնց ուզի, էս մարդկանց վրա փող աշխատի:
Մոտ 4 տարի առաջ խումբ ենք ստեղծել՝ Հրազդան ԱՆՎՃԱՐ տրանսպորտ, որը ժամանակին շատ ակտիվ էր, հիմա մի փոքր պասիվացել է, բայց էսօրվանից կրկին ակտիվանալու է, ընդհուպ մինչև մարդիկ սկսեն տրանսպորտից ընդհանրապես չօգտվել»:

Ըստ տեղեկությունների, քաղաքային իշխանությունը մոտ մեկ ամսից հարցը կարգավորելու է, եւ կրկին գործելու է 500 դրամ սակագինը։ 

«Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի մեր մարզի համայնքները։ Մեր քաղաքացիներին տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման արդյունքում տրանսպորտային երթուղին սպասարկելու է մեկ օպերատոր՝ բացառապես նոր տրանսպորտային միջոցներով և ժամանակակից մոտեցմամբ։ Հաղթող ընկերության հետ առաջիկայում համագործակցելով՝ պարբերաբար ձեզ կտեղեկացնենք և գրաֆիկին և մյուս մանրամասներին»,-ասված է հայտարարությունում։