Search
Close this search box.

ՌԴ-ն կդադարեցնի՞ գազի մատակարարումը. իրավիճակը կարող է վատ լինել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ընկերությանը հանձնարարել էր մինչև մարտի 31-ը զեկուցել ոչ բարեկամ երկրներին գազի վաճառքի արժույթը ռուբլով փոխարինելու մասին։ Սա վերաբերվում է Եվրամիության երկրներին, որտեղ արդեն քննարկվում է ռուսական գազից հրաժարվելու հնարավոր տարբերակները։ Ռուսաստանի այս վարքագիծը, նախևառաջ, պայմանավորված է ռուբլու փոխարժեքի կայունացման ջանքերով, այն դեպքում, երբ վերջինիս արտարժութային պաշարների առնվազն կեսը՝ 300 մլրդ դոլար, սառեցվել են ամերիկյան և եվրոպական բանկերում։

Ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի՝ ներկայումս եվրոպական երկրների կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից բավական մեծ է։ Ռուսաստանը ապահովում է Եվրոպայի կապույտ վառելիքի ընդհանուր ներմուծման ծավալի ավելի քան 40 տոկոսը։ Թերևս սա է պատճառը, որ արևմտյան պատժամիջոցների ցուցակը սահմանափակվում է նավթամթերքներով ու դեռևս շրջանցում է գազի մատակարարումներից հրաժարումը, ինչը նաև ոչ մեկ անգամ հայտարարել են եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես, Գերմանիայի և Նիդերլանդների ղեկավարները։

«Ռուսաստանը փաստացի չի հրաժարվում գազի մատակարարումից, քանի որ այն վերջինիս արտահանման մեջ գերակշռող ապրանքներից է, իսկ Եվրոպան իր հիմնական շուկան փորձում է այս կերպ ճնշում գործադրել Եվրամիության վրա՝ գիտակցելով վերջինիս անելանելի վիճակը՝ կարճ ժամանակահատվածում ռուսական գազին այլընտրանք գտնելու հարցում։ Առհասարակ, պայմանագրի ցանկացած պայմանի փոփոխություն, այդ թվում՝ վճարման արժույթի մասով, պետք է համաձայնեցվի մյուս կողմի հետ: Եվ եթե կողմերից մեկը չի համաձայնվում, ապա երկու տարբերակ կա՝ կա՛մ շարունակել պայմանագիրը գործող պայմաններով, կա՛մ դադարեցնել այն։ Առաջին տարբերակին Ռուսաստանը դեմ կլինի, երկրորդին՝ Եվրամիության երկրներից մի մասը։ Սա ոչ ստանդարտ իրավիճակ է, ու կողմերի հակադիր դիրքորոշումները հարցի կարող են փակուղի մտցնել, իսկ դա որևէ կողմին օգուտ չի բերի»,- ասում է տնտեսագետը։