Search
Close this search box.

Խարկովում իրավիճակը կրիտիկական է, քաղաքում պարետային ժամ է մտցվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում այսօր ամենակրիտիկական իրավիճակը Խարկովում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պաշտոնական Կիևի կողմից վերահսկվող մի շարք բնակավայրերում հումանիտար իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ և այսօր ամենակրիտիկական իրավիճակը Խարկովում է, քաղաքում պարետային ժամ է մտցվել»,- ասել է գեներալը։

Նա ընդգծել է, որ տեղի բնակիչները, վախենալով ազգայնականների սադրանքներից, ստիպված են ապաստանել նկուղներում։ Շատ տներում չկա ջեռուցում, լույս ու գազ, իսկ կոմունալ ծառայությունները վերականգնելու համար աշխատանքներ չեն իրականացնում։

«Հիվանդանոցներում խաղաղ բնակչությունը զրկված է բժշկական օգնությունից, բուժվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները և տարածքային պաշտպանության զինյալները: Դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցներ չկան», – ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ քաղաքում մթերային խանութները բաց են օրական երկու-երեք ժամ, հաճախորդներ գրեթե չկան, քանի որ շատերի գումարը պարզապես վերջացել է։ Քաղաքում մնացած տղամարդիկ տներից դուրս չեն գալիս՝ վախենում են, որ իրենց բռնի ուժով տանելու են տարածքային պաշտպանության գումարտակներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։