Search
Close this search box.

Ֆրանսիական շատ ընկերություններ ՏՏ ոլորտում ցանկանում են ամրապնդել հարաբերությունները հայաստանյան ընկերությունների հետ

Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքական կապերը գերազանց են։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դիվանագետը հավելեց, որ ցանկանում է նպաստել հարաբերությունների զարգացմանը եւս մի քանի ուղղություններով: Նախեւառաջ, դեսպանը ընդգծեց համալսարանական եւ ընդհանուր կրթական ոլորտի կարեւորությունը: «Օրինակ, Հայաստանում ֆրանսիական համալսարանը հաջողված օրինակ է»,- ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ համալսարանն արդեն 2000 ուսանող ունի, իսկ հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ թվով հինգերորդ ֆակուլտետը՝ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի։ «Սա շատ կարեւոր ոլորտ է Հայաստանի համար, եւ շուկայում պահանջարկ ունի»,-նշեց նա:

«Ֆրանսիական շատ ընկերություններ կան, որոնք ՏՏ ոլորտում ցանկանում են ամրապնդել հարաբերությունները հայաստանյան ընկերությունների հետ: Ֆակուլտետ բացելով՝ մենք ձգտում ենք աջակցել Հայաստանին զարգացնել այս ուղղությունը»,-շեշտել է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆրանսիական կողմը հետաքրքրված է ֆրանսերենով կրթական համակարգի ստեղծմամբ՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան:

«Իմ ցանկությունն է ավելի խորացնել հարաբերությունները եւ նոր հեռանկարներ բացել»,-նշեց նա։