Search
Close this search box.

«ՀԺ». Բժշկուհին՝ պապիլոմային վիրուսի դեմ պատվաստանյութի մասին

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու:

Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել:

Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս որեւէ երեխայի չեն հրավիրել պատվաստում ստանալու, որովհետեւ չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ գործընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 11-ին, բայց համապատասխան հրաման իրենք չեն ստացել:

«Մեզ ոչ մեկը ոչ մի պաշտոնական հրաման չի տվել: Ամեն դեպքում այսօրվա՝ դեկտեմբերի 11-ի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր պոլիկլինիկայում ոչ մի մանկաբույժ երեխա չի կանչել»,- ասաց բժշկուհին:

Պատվաստանյութը, սակայն այստեղ արդեն ստացել են: Նաեւ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ զրույցներ են ունեցել ծնողների հետ:

«Խոսել ենք, զրուցել ենք: Անընդհատ ենք խոսում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ գոհ են պատվաստումից, ինչպես բոլոր նորարարություններից՝ սկզբում: Բայց երբ որ հրաման լինի, սկսենք նորից խոսել, արդեն կտեսնենք»,- նշեց նա:

Իսկ հարցը, թե բժշկուհին ինքը պատվաստման կողմնակի՞ց է, միանշանակ պատասխան չստացավ:

-Միանշանակ ձեզ չեմ կարող ասել: Ժամանակին ես իմ աղջկան ուզում էի տանել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստելու, երբ այդ պատվաստումը դեռ ընդգրկված չէր պատվաստումների ազգային օրացույցում ու վճարովի էր: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իրեն չկարողացա համոզել:

-Իսկ հիմա դուք կասկածներ ունեք եւ լրիվ վստահ չե՞ք, որ պատվաստումը ճիշտ է:

-Չեմ կարող որեւէ հաստատ բան ասել ձեզ: Տասը տարին մի քիչ… Բայց իրոք դա պաշտպանում է այնպիսի հիվանդությունից, որ Աստված չանի, առաջանա: Դաժան հիվանդություն է քաղցկեղը: Միայն անունը բավականին դաժան է:

-Այսինքն՝ քաղցկեղից պաշտպանում է, բայց ուրիշ վտանգներն էլ չեք բացառո՞ւմ:

-Ցանկացած պատվաստում իր վտանգները, իր բարդություններն ունի: Այդ որ ասվում է անպտղություն է առաջացնում, ես դրան չեմ հավատում եւ չեմ վստահում նման խոսակցություններին:

Ուղղակի, ինչքան հասկացա՝ այնքան էլ վստահ չեք, որ ճիշտ է երեխաներին պատվաստելը:

-Պատվաստելը ճիշտ է, բայց քանի որ պատվաստանյութի ժամկետը տասը տարին է, դա է ինձ մի քիչ… Թե չէ այո, ճիշտ է: Նորից եմ կրկնում, բոլոր պատվաստումներն ունեն թույլատրելի տոկոսային բարդություններ:

Մանկաբույժ Աննա Սիմոնյանը, երբ խոսում է պատվաստանյութի տասը տարվա ժամկետի մասին, նկատի ունի դրա գոյությունից մինչեւ օրս անցած ժամանակը, որը նրա կարծիքով, փաստորեն քիչ է՝ պատվաստանյութի առավելություններն ու թերություններն ամբողջովին բացահայտված լինելու համար:

«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում նույնպես մեր այցելության պահին որեւէ մեկը չէր եկել պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու:  

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: