Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 65-ամյա տղամարդու դին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97 տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։

Դեպքի վայր էին ժամանել նաև 1-03, 1-04 ծառայությունների աշխատակիցները և Շիրակի մարզի ոստիկանության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները մոխրակույտի վերածված տնակի միջից դուրս են բերել մահացածի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։