Search
Close this search box.

Էպոսագետը այլևս հետաքրքրված չէ քաղաքականությամբ, բայց Ֆեյսբուքում «կիսվում» է վարչապետի գրառմամբ

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջով կիսվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ արած գրառմամբ։ Այս փաստը երկու տեսանկյունից էր արտասովոր։ Նախ՝ որ բանտում գտնվող նախագահի նախկին թեկնածուն Ֆեյսբուքում ակտիվ գործունեություն է ծավալում, ապա՝ որ տարածում է վարչապետի գրառումը։

Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, սակայն, ասել է, որ ֆեյսբուքյան այդ էջից օգտվում է ոչ թե իր ամուսինը, այլ իր որդիները։ «Ինքը հո չէ՞ր կարող Ֆեյսբուքով զբաղվել։ Ինքը ո՞նց կարող էր ֆեյսբուքյան էջ ունենալ։ Դա տղաներս են անում»,- վստահեցնում է տիկին Սեդրակյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված որդիների համակրանքը վարչապետի նկատմամբ, տիկին Ռուզաննան արձագանքեց. «Չեմ կարող ասել։ Հավանաբար երբ գնացել են տեսակցության, Վարդանը խոսել է տղաների հետ, հավանաբար տղաներս էլ նրա կարծիքը իմանալով՝ կիսվել են այդ գրառումներով»։

Ռուզաննա Սեդրակյանն ասաց, որ վերջերս են տեսակցել Վարդան Սեդրակյանին, առողջական վիճակը բավարար է։ «Վիճակը բավարար է, ես դեղեր եմ տանում։ Վերջերս եկավ Միքայելյանի անվան հիվանդանոցում, ստուգվեց, անալիզներ տվեց, ստուգման կուրս անցավ։ Բայց թույլ չտվեցին, որ Միքայելյանի անվան հիվանդանոցում բուժում ստանա, իսկ ինքն էլ հրաժարվեց «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժումից, քանի որ այդտեղի պայմանները չգիտենք՝ ինչ են։ Բժշկի ցուցումով դեղեր եմ տանում, ընունում է։ Լյարդի հետ կապված խնդիր կա, անոթների։ Ուղղակի ռեժիմն այնպիսին է, որ քիչ է շարժվում, քիչ է դուրս գալիս»,- ասաց տիկին Ռուզաննան՝ հավելելով, որ Վարդան Սեդրակյանն այլևս հետաքրքրված չէ քաղաքականությամբ, ներքաղաքական զարգացումներով. «Երբ հանդիպում ենք, բացարձակ չի խոսում նման բաներից։ Հետաքրքրվում է միայն ընտանիքով, երեխաներով, ուրիշ ոչ մի բան նրան այլևս չի հետաքրքրում»։