Search
Close this search box.

Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի Հայ դատի հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին: Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը: Նշվում է, որ այդ ամենի հետևանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար: Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքրյանը նշել է, որ հայկական հուշարձանները յուրահատուկ ճարտարապետական արժեք են, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման քաղաքականությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ժխտել այդ հանցագործությունը և խթանում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը վերջ դնելու համար: