Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դավիթաշենում ծառերի սպանդը իրականացվել է «Ծաղիկ Ռուբոյի» աղջկա ցուցումով

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com-ը  հրապարակել էր Դավիթաշեն վարչական շրջանում ծառերի համատարած սպանդի վերաբերյալ տեսանյութ:

Կայքի տեղեկություններով՝ հրապարակումից անմիջապես հետո Աջափնյակ վարչական շրջանի դատախազությունից հանձնարարական է ուղարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին, որպեսզի ստուգողական գործողություններ կատարվեն խնդրի վերաբերյալ:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել և պարզել է, որ նշված ծառերը կտրվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի աղջկա՝ Դավիթաշեն Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով: Ծառահատումները կատարել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 67-ամյա Աշոտ Բաբայանը և Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 33-ամյա Մուշեղ Հովսեփյանը:

Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել էին 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը: Բեռնատարով հեռացնում էին ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում էր Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը:

Արդյոք թաղապետը տեղյակ էր ծառերի սպանդից, դեռևս չգիտեինք, բայց որ վանդալները օրը ցերեկով էին իրենց սև գործն անում, դա վկայում էր այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, կարդրերը այլ բան էին հուշում: Նշված տարածքի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ—ական «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանն է և, ըստ կայքի տեղեկությունների՝ ծառերի համատարած սպանդը իրականացվել էր գիշերը, երբ շարժը նշված փողոցում կարելի էր ասել՝ կանգնած է եղել: