Search
Close this search box.

Չարենցավանի քաղաքապետը քիմիկին փորձում է երաժշտական դպրոցի տնօրեն նշանակել

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լևոն Բիկիջյանը, թերևս 71 տարեկան է, սակայն մոտ օրերս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և անցնելու  թոշակի:  Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ պատրաստվում է երաժշտական դպրոցում տնօրեն նշանակել՝ երաժշտության և նոտաների հետ ընդհանրապես որևէ աղերս չունեցող իր մերձավորի տիկնոջը՝ տիկին Մաիլյանին: Նա մասանգիտությամբ քիմիկ է, իսկ նրա ամուսինն ասում են՝ ավազահանքի սեփականատեր է, և շատ ջերմ հարաբերություններ ունի քաղաքապետի հետ: Հենց այդ հարաբերություններով էլ պայմանավորված՝ քաղաքապետը ցանկանում է գործազուրկ տիկնոջը նշանակել տնօրեն:

Չարենցավանի երաժշտական դպրոցի ներկայիս տնօրեն Լևոն Բիկիջյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք իրեն չի մտահոգում մշակութային կրթօջախի ճակատագիրը և ինչպե՞ս կարող է քիմիկը նշանակվել տնօրեն. «Ես տեղյակ չեմ, չգիտեմ, ես այդքան տարի աշխատում եմ՝ մի 10 օրից գնում եմ, բայց ու՞մ կնշանակի, ո՞վ կլինի՝ չգիտեմ, էդ արդեն քաղաքապետի, համայնքի ղեկավարի որոշումն է: էդ խոսախցություններ են, եթե հետագայում այդպես լինի՝ ինձ էլ կմատահոգի, բայց երբ որ կնշանակեն՝ էն ժամանակ կերևա, իմ ականջին էլ են հասել խոսակցություններ, բայց ես չեմ էլ մտածում այդ ուղղությամբ»,-նշեց 71 ամյա տնօրենը՝ հավելելով, որ իր կոլետիվում կան արժանավոր թեկնածուներ, բայց ինքը չի ուզում խառնվել այդ հարցին և երաժշտական դպրոցից առաջարկել՝ որևէ մեկի թեկնածությունը. «Կոլեկտիվից կան տղաներ, իրենք պետք է դիմեն, ջահելները՝ իրենք պետք է այդ բանը կազմակերպեն, ես ինչ՝ իրենց առաջարկեմ, ասեմ՝ դուք թեկնածություն դրեք ձեզ, ճիշտ եմ, թե չէ: Իրենք պետք է աշխույժ լինեն այդ հարցերում»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի բարեկամը՝ Գոհար Շահգալդյանը, քաղաքապետի հոր՝ նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի միջնորդությամբ երաժշտական դպրոցում աշխատանքի է անցել որպես վոկալի ուսուցչուհի: Ասում են՝ նա այնտեղ ունի բացարձակ արտոնյալ կարգավիճակ: Աշխատանքի ընթացքում՝ աշակերտների վարձավճարների պատճառով հասցրել է անգամ ծնողների հետ կոնֆլիկտներ ունենալ. «Էդ վեճը, ով վեճ չի ունենում, ասենք՝ կանայք են՝ վիճել են»,-նշեց կրթօջախի ներկայիս տնօրեն Լևոն Բիկիջյանը՝ հավելելով, որ իրենց մոտ արտոնյալեր չկան: Այնինչ, դպրոցում այն, ինչ չի կարելի  ոչ մեկին՝ նրա համար հաշիվ չէ: Անում է այն, ինչ ուզում է, ինչպես՝ ցանկանում և հաճախ խնդիրներ է ստեղծում տնօրինության ու աշխատողների համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ դպրոցի առայժմ միակ արտոնյալը՝ քաղաքապետի հովանավորյալ Գոհար Շահգալդյանն է: Օրինակ՝ նա դասերի ավարտից հետո փակում և իր հետ տուն է տանում դասասենյակի բանալին, նրա դասամատյանին ոչ մեկը մոտենալու իրավունք չունի, անգամ նրա հանձնարարությամբ՝ փակվել են իր դասասենյակի ծխատար օդանցքները, որպեսզի հարևան դասասենյակից երաժշտության ձայն չլսի: Մի խոսքով՝ երաժշտական դպրոցում, նա իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Սարի պես կանգնած քաղաքապետ ունի իր թիկունքին:

Իսկ հիմա, քաղաքապետը փորձում է՝ երաժշտական դպրոցի մասով, իր հաջորդ ծրագիրն ավարտին հասցնել: Իր մերձավորին՝ ամեն գնով նշանակել դպրոցի տնօրեն, հետո ինչ, որ նոտաներին չի տիրապետում, փոխարենը՝ Մենդելեևի պարբերական աղյուսակը գիտի:

ArmLife.am