Search
Close this search box.

Սյունիքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը. առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ տեղեկացնում են քննչական կոմիտեից՝ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 05:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ծեծել, ապա բռնաբարել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1977 թվականին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 40-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը եւ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է նրա տուն։  Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել կնոջ նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն դեկտեմբերի 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: