Search
Close this search box.

Դատախազությունը կոչ է անում դադարեցնել գերիների հարցով անիմաստ քննարկումները

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարման դեպքերը քննության առարկա դարձնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարության տարատեսակ մեկնաբանություններին։

«Ինչո՞ւ պետք է քննության առարկա դարձնելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու», գերիներին թշնամի հռչակելու հետ։ Ինչո՞ւ է առաջ տարվում բոլոր դեպքերում միայն ու բացառապես՝ զինծառայողների ինքնակամ, գիտակցված, ճարահատ գերի հանձնվելու կանխավարկածը»,– գրում է Աբրահամյանը։
Նա նաև փաստում է, որ ՀՀ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման վերաբերյալ այս պահին էլ կան քրեական գործեր, որոնցով կոնկրետ անձանց նաև մեղադրանքներ են առաջադրվել։

Գոռ Աբրահամյանի մեկնաբանմամբ` քննության միջոցով փորձ է արվում ճշտելու գերեվարման դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները` մեղավորներին պարզելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու համար` անկախ նրանից դա ում մեղքով է տեղի ունեցել՝ զինծառայողի, հրամանատարի, բարձրաստիճան հրամանատարության, թե թշնամու:
Այս մեկնաբանմամբ դատախազի խորհրդականը կոչ է անում դադարեցնել անիմաստ քննարկումները: