Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ. Լավրով

Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մի քանի օր առաջ Փարիզում տեղի ունեցավ երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բոլորը պաշտպանեցին 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ ընդգծվել են մի շարք հումանիտար հարցերի լուծման գործում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջընթացը, ինչպես նաև նախանշվել են մի շարք ուղղություններ, որոնցով պետք է աշխատանք տանել։

«Այս իմաստով համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, ինչպես նաև այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որ տարածաշրջանում հայկական և ադրբեջանական համայնքները ձևավորեն վստահության մթնոլորտ, առօրյա հարցերը լուծեն կառուցողական փոխզիջումների ոգով»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: