«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ արձակվեց։ Հայրապետյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։
«Ի վերջո, արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- գրել է Ամիրխանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Ջանիբեկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է տարիներ առաջ՝ 2016թ մայիսի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։