Search
Close this search box.

Հոսանքի թանկացումն անխուսափելի է

Այսօր կառավարությունն իր նիստում գազի վերաբերյալ երկու որոշում է հաստատելու: Որոշումների համաձայն՝ պետք է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013թ. տեղի ունեցած հայտնի գործարքի՝ «Հայռուսգազարդ» ընկերության վերջին 20 տոկոսն էլ «Գազպրոմ»-ին տալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարվեն: Ընդ որում, նույն որոշումը պետք է ընդունի նաև ՌԴ կառավարությունը: Իսկ թե խոսքը ինչ փոփոխության է վերաբերում, չի նշվում, բայց արդեն հետագա արձանագրություններում նշվում է, որ համաձայնագրի կետերից մեկում 2017թ. նոյեմբերի 1-ը պետք է փոխել 2018թ. նոյեմբերի 1-ը ժամկետով: Եվ ակնհայտ է դառնում, որ խոսքը վերաբերում է գազի գնին: Երկկողմանի այս որոշումներով ՌԴ-ն Հայաստանին մատակարարվող գազի գինը հաջորդ տարվա համար թողնում է անփոփոխ՝ 1000 խորանարդ մետրի համար 150 դոլար: Պարզվում է՝ ՌԴ-ն Հայաստանին վաճառվող գազի գինը հենց այնպես չի թողնում նույնը՝ իր ներկայացմամբ ցածր գնով: Ռուսական «Комсомольская правда» թերթը, անդրադառնալով այս թեմային՝ «Россия сделала Армении газовый реверанс» վերնագրով հոդված է հրապարակել (https://www.kp.ru/daily/26748/3777371): Հոդվածագիրը մեջբերել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի այն խոսքը, թե դրա փոխարեն «ՌԴ-ն հաշվարկում է, որ մեր մատակարարած գազի ծավալները տարիների ընթացքում կավելանան»: Եթե ՌԴ-ն Հայաստանին վաճառվող գազի ծավալների ավելացման խնդիր է դրել, դա կպարտադրեն մեզ: Հատկապես որ հայտնի գազային համաձայնագրով ՀՀ իշխանությունները պարտավորվել են ՌԴ-ին պատկանող էներգետիկ ընկերությունների համար բավարար եկամտաբերություն ավելացնել: Իսկ դա լինելու է շարքային քաղաքացիներիս՝ հոսանք ու գազ սպառողներիս հաշվին: Այնպես որ, գազի գնի չբարձրացումը մեզ վրա կարող է արժենալ էլէներգիայի սակագնի բարձրացում: