Search
Close this search box.

Ամերիկացի սենատորները Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն ուղղված փոփոխություններ են մտցրել

Ամերիկացի սենատորները մի շարք փոփոխություններ են մտցրել, որոնք ուղղված են Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն, Twitter-ում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Սենատոր Բոբ Մենենդեսը փոփոխություն է մտցրել, որով Պետքարտուղարությունից եւ Պաշտպանության նախարարությունից պահանջվում է զեկուցել Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի օգտագործմանն ի պատասխան:

Մենենդեսը նաեւ ուղղում է ներկայացրել, որը զրկում է ԱՄՆ նախագահին Ադրբեջանին օգնության տրամադրման՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ժամանակավորապես հետաձգելու իրավունքից։

Սենատոր Ալեքս Պադիլլան փոփոխություն է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից արգելված զինամթերքի, օտարերկրյա վարձկանների եւ թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ, որոնք ունեն ամերիկյան բաղադրիչներ։