Search
Close this search box.

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները «համապատասխանեցրել են ժամանակը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերացնելու հարցում

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի գալիք տարեդարձը։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ կալանավորների վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը եւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը։ «Նրանք «համապատասխանեցրել են ժամանակը»՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերացնելու, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եւ տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերում։ Ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարեւորությունը։

Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդի ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները։ Նշվել է դաշնակցային համագործակցության առաջադիմող զարգացումը։

Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք զարգացումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։