Search
Close this search box.

«ՀԺ». «Իսկական գլխացավանք». Անդրանիկ Մանուկյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով սեւ ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ  ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են: Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար:

Հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունները, Ուկրաինայում ծավալված ու ծավալվող ներքին իրադարձությունները, Ուկրաինայի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, եւ մեր առանցքային գործընկեր դարձող ԵՄ-ի հետ, այն մեզ համար կարեւոր ու «զգայուն» կետ է, ինչը ենթադրում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը պետք է լինի խիստ պատրաստված, բարձրակարգ պրոֆեսիոնալ ու կատարի մեծ ծավալի, կարեւոր, նուրբ ու լուրջ աշխատանք: Անդրանիկ Մանուկյանի տվյալները ենթադրվող հատկանիշների պահանջներին չեն բավարարում, եւ բացի այդ, նա իր բիզնեսների համար է մեծ ծավալի աշխատանք տանում:

Այդ մասին, սակայն ԱԳՆ-ում բարձրաձայն չեն խոսում: Հարցն այն է, որ դեսպաններին նշանակում է ՀՀ նախագահը, ու Անդրանիկ Մանուկյանն էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Եվ դեմ արտահայտվել Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը լինելու փաստին, կնշանակի դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի որոշմանը: Իսկ նման «գլխացավանքի» տակ ոչ ոք չի ուզում մտնել:

Անդրանիկ Մանուկյանից դժգոհության ու համբերության բաժակի վերջին կաթիլը, ասում են մեր աղբյուրները, ուկրաինացի լրագրողների հետ կապված միջադեպն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամներին թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք:

Դրանից հետո ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք նախնական համաձայնություններ են ունեցել հենց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ու մասնավորապես՝ դեսպանի հետ:

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ ԱԳՆ-ում լուրջ հարցեր են առաջացել. բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն ինքնագլուխ քայլեր արել, ու պայմանավորվածություններ ձեռք բերել ուկրաինացի  լրագրողների հետ՝ առանց այդ հարցը ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու: ԱԳՆ-ում վստահ են, որ հենց Անդրանիկ Մանուկյանի «ոչ կոմպետենտությունն» է պատճառը, որ ուկրաինացի լրագրողները եկել, հասել են մեր սահմանային անցակետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից