Search
Close this search box.

Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները եւ առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարեւորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցություների միջեւ կապերի ընդլայնման մասին:

2022 թվականին լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաեւ այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր: