Search
Close this search box.

Քաղաքապետի տեղակալն ազատվեց աշխատանքից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի արդեն նախկին առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստում նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, որ ողջունում է Արտյոմ Գրիգորյանի՝ կամավոր իր պաշտոնը թողնելու որոշումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Մամիկոն Ասլանյանի եւ ՀՎԿ Վանաձորի կառույցի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի համաձայն, Վանաձորի ավագանու անդամները համաձայնել են դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել ավագանու նիստերին, դրա դիմաց ստացել են փոխքաղաքապետի պաշտոնը:

Բանն այն է, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որը թույլ էր տալիս Մամիկոն Ասլանյանին Վանաձորի ագավանու անդամների կեսից պակասի առկայության պարագայում նիստեր անցկացնել եւ որոշումներ կայացնել: Քանի որ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդը» բոյկտում էին ավագանու նիստերը, քվորում չէր հաջողվում ապահովել:

Եթե ՀՎԿ-ն չգնար համագործակցության Մամիկոն Ասլանյանի հետ, շատ հավանական է, որ բանը հասներ վանաձորի ավագանու լուծարմանը եւ նոր ընտրությունների նշանակմանը: