Search
Close this search box.

«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը». Սերժ Սարգսյան

2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի զարգացումները, նախքան դրանց փակուղի մտնելը:

Վերջինս խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո: Նախագահը կողմ չի արտահայտվում Արցախի միտումնավոր հանձնման տեսությանը, սակայն կարծում է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալների և հիմարության հետևանք է:

«Մենք չենք պնդում, որ մարտական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ո’չ: Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության հարցում մասամբ մեղավոր է Փաշինյանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ դա մեկնաբանելով նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության հարցում թույլ տված կոպիտ սխալներով:

«Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինելու, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն: Ո՞վ կարող է հարձակվել երկրի վրա, որտեղ ծայրահեղ ժողովրդավարություն է, իսկ մյուս երկրում՝ հարձակվող երկրում, ինչպես Փաշինյանն էր ասում, բռնապետություն է: Դա պարզապես մանկական մտածողություն է, սակայն դա իրենց չէր անհանգստացնում»,- մեկնաբանել է Սարգսյանը նոր իշխանությունների տրամաբանությունը:

Նախագահը մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր:

«Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո:

«Դուք պատկերացնում ե՞ք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում «ելենելով արդարության սկբունքից»: Այն ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ դրան հաջորդել է ևս մեկ կոպիտ սխալ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության տեսքով:

Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու Փաշինյանի պահանջին՝ Սարգսյանը նշել է, որ միջազգային միջնորդները նույնիսկ չեն քննարկի այդ հարցը:

«Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով «լիարժեք» նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն»,- նշում է երրորդ նախագահը:

Նա հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ: «Մենք կառուցողական բանակցություններ էինք վարում: Ոչ մի պարագայում ինձանից չէիք կարող լսել խոսք այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները (7 շրջանը՝ խմբ.): 2001 թվականին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հնարավոր է արդյո՞ք առավել բաց արտահայտվել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը, որպեսզի մեզ նման փորձանք չպատեր»,- մեկնաբանել է նախկին նախագահը:

Նա պնդում է, որ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:

Սարգսյանը նկարագրել է հետևյալ գործընթացը. «հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտայատման միջոցով:

«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևը համաձայն էր դրան, Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Որպես դրա հաստատում նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ:

Այս Բաժնից