Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու չեն կրակել ու 6 զինծառայողները գերեվարվել են. մեկնաբանում է ԳՇ պետի տեղակալը

«Ռազմական գործողությունների ավարտից անցել է ավելի քան 6 ամիս ժամանակ, բայց Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, և հենց այդ իրավիճակում էլ մայիսի 12-ին սկսվել է օպերատիվ-մարտավարական նոր իրավիճակ, որը մեր հանրապետության արևելյան և հյուսիս-արևելյան սահմանագոտում մինչ այս պահը շարունակվում է »,- այսօր ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով, իրավիճակը օպերատիվ-մարտավարական է, քանի որ այն կրում է տեղային բնույթ։ Եվ այժմ, ըստ Էդվարդ Ասրյանի, օպերատիվ-մարտավարական վիճակը հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը վտարել ՀՀ տարածքից։

«Սկզբնական ժամանակահատվածում իրավիճակը որոշակիորեն լարված էր Սև լիճ- Վերին Շեն ուղղությամբ, Գորիսից դեպի հյուսիս-արևելք տեղակայված մեր մարտական հենակետերի շրջանում։ Եվ գիշերվա ընթացքում իրավիճակը լարվել է նաև Կութ-Նորաբակ շրջանում։ Գիշերային իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05։00-ին, քանի որ մենք դիտարկելով ու գրանցելով, որ հակառակորդի՝ 1,5-2 կիլոմետր ՀՀ սահման մխրճված ուժերը, փորձում էին իրենց ուժերը միավորել և նպաստավոր պայմաններ ստեղծել իրենց համար, որոշել ենք տեղադրել մեկ նոր մարտական դիրք ՝ կասեցնելու հակառակորդի գործողությունները։ Այս ամենի արդյունքում հակառակորդն իր օդային հետախուզության շնորհիվ հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել է մեր խումբը՝ գերեվարելով 6 զինծառայողի»,- ներկայացրեց նա։

Իսկ թե ինչու հայ զինծառայողները չեն կրակել, Էդվարդ Ասրյանի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է ընդունել խնդիրը լուծել առանց ուժի կիրառման։ «Բայց գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ մեր զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ՝ իրենց մոտ ունենալով ունեցած հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակն է եղել նաև երեկ։ Ադրբեջանցիները մոտեցել են մեր 4 զինծառայողներին, զենքն ուղղելով նրանց վրա, պահանջել են հանձնվել։ Եվ մեր երկու զինծառայող, որ գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց քանի որ նա եղել է նենգ, զինաթափել ու գերեվարել է մեր զինծառայողներին։ Այժմ կատարվում են համապատասխան գործողություններ, կապի մեջ ենք ռուս խաղաղապահների հետ։

Հակառակորդը ներկայացնում է իր պայմանները, մենք էլ՝ մեր պայմաններն են առաջ տարել, որ ետ կքաշենք մեր ստորաբաժանումները միայն այն դեպքու, եթե վերադարձնեն մեր զինծառայողների»,- մանրամասնեց նա։