Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում. 27–ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Անտանոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: