Search
Close this search box.

Արցախը անվտանգության և առաջնահերթ օրակարգի կարիք ունի. ինչո՞ւ հենց Ծառուկյանն այցելեց Արցախ

44-օրյա պատերազմից հետո մենք կորցրինք Արցախի մի զգալի մասը, իսկ այն շրջապատող անվտանգության գոտին` ամբողջությամբ։ Ունեցանք հազարավոր զոհեր, հաշմվածներ, փախստականներ, հարյուրավոր գերիներ։ Եվ միայն ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավվածության փաստով էր, որ հնարավոր եղավ պահել Արցախի՝ ԼՂԻՄ տարածքի այն մասը, ինչ այսօր առկա է։

Ու ստացվեց այնպես, որ պարտությունից հետո կարծես «բոլորը» մոռացան Արցախի մասին։ Մի կողմից, դա արվեց իշխանությունների ձեռամբ, քանի որ նրանք, փաստորեն, կարծում էին, որ Արցախը բեռ է, որից պետք էր ազատվել, որպեսզի կարողանանք տնտեսապես, բաց կոմունիկացիաների միջոցով ապահով ու անվտանգ ապրել։ Մյուս կողմից, հետպատերազմական շոկը պայմաններ ստեղծեց, որ հանրության մի շերտ փորձի մոռանալ այդ արհավիրքի մասին։

Արցախյան առաջին պատերազմում հերոսական հաղթանակները՝ Շուշիի, Բերձորի, Քարվաճառի ազատագրման օրերը տարիների ընթացքում մեր կյանք, մեր կենցաղ մտան որպես նոր ժամանակաների հաղթանակի սիմվոլներ ու դարձան մեր կյանքի կարևոր ու անքակտելի, ազգային միասնության օրեր։ Մենք սկսեցինք մեր երեխաներին այդ սիմվոլներով դաստիարակել, հայրենիքը սիրել սովորեցնել։ Սակայն կյանքը այնպես փոխվեց, որ փաստորեն ազատագրված Շուշին այլևս չկա, Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին նաև շատ այլ տարածքներ, որոնց համար մեր հերոս հայրերի ու պապերի արյունն է թափվել։

Հիմա ի՞նչ, մեր զինվորների ու գեներալների՝ Շուշին անձնազոհ կերպով ազատագրելու վաստակը անհետացա՞վ, դարձավ առ ոչինչ։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանը, Թաթուլ Կրպեյանի ու արժանապատիվ շատ այլ հայորդիների, զինվորականների կյանքի գործը պիտի մոռանա՞նք։  Իհարկե ոչ։

Սակայն հարց է ծագում, այդ դեպքում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին ու՞ր էին մեր քաղաքական ուժերի,  էլիտայի՝ մի զգալի մասի ներկայացուցիչները, ղեկավարները, մեր ներկա ու նախկին չինովնիկները։ Նրանք Ստեփանակերտում չէին։ Նրանք Արցախի հետ չէին։ Նրանք պաթոսախեղդ տեքստեր էին արտաբերում Երևանից իրենց ֆեյսբուքյան էջերում։ Մինչդեռ, նախորդ բոլոր տարիներին Ստեփանակերտի հրապարակը լիովին այլ տեսք ուներ։
Հուսանք ոչ այն պատճառով, որ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը անտեր է։

Միգուցե պետք էր գնալ ու հայկական մեր պետության քաղաքացիներին գոտեպնդել, ոգի տալ, որ անկախ բարդ իրողություններից, նրանք մենակ չեն, մայր հայրենիքն ու իրենց հայրենակիցները արցախցիների հետ են։ Իսկ հիմնական ճակատամարտը դեռ առջևում է ու Արցախը լինելու է անկախ պետություն։ Չէ՞ որ հենց մայիսի 9-ի սիմվոլիզմն է ամենից կարևորը, որ ի ցույց է դնելու մեր միասնականությունը, մեր կամքի ու հավատամքի անկոտրում լինելը։

Իսկ գիտեք, թե ՀՀ քաղաքական ուժերից ո՞րն էր միայն Արցախում այդ «բարդ» օրը։ Որն էր, որ Բ.Սահակյանի, Ա.Ղուկասյանի և Արցախի ներկա նախագահի հետ մասնակցեց պաշտոնական միջոցառումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը, իր առաջնորդ Գ.Ծառուկյանի գլխավորությամբ։ Եվ գիտեք ինչո՞ւ, քանզի քաղաքակն ուժի կարողությունն առաջին հերթին նրանում է, որ թեկուզ պարտված վիճակում լինես արժանապատիվ ու ձգտես նպատակիդ։ Թույլերն են միայն պարտություններից ընկճվում, կոտրվում, ուժեղներն անում են հետևություններ ու հաջորդ օրն իսկ սկսում քայլեր նախաձեռնել։

Իզուր չէ, որ ԲՀԿ-ի ծրագրային դրույքներում ու նրա ղեկավարի հանրային խոսքում Արցախի անկախության օրակարգն առաջնահերթ է, հետևաբար, եթե Արցախն այսօր խոցված է, ուրեմն առաջնահերթ հենց նրան է պետք օգնել, դա անել այնպես, ինչպես տարիներ շարունակ՝ հետևողականորեն, անկախ քաղաքական օրակարգերից, այնտեղի իշխանության նկատմամբ հայաստանյան ինչ-որ շրջանակների վերաբերմունքից։ Արցախը հայրենիք է, հետևաբար քաղաքական գունավորում չունի։

Արցախը հայրենիք է, որ պիտի պետություն դառնա, սա է հիմնական օրակարգը։ Դա իր համար վաղուց ֆիքսել է ԲՀԿ-ն ու այդ օրակարգով է գնում ընտրություններին։ Ու այդ օրակարգն այսօր պիտի լուծվի նաև Սյունիքում առկա վիճակի՝ մեր շահերին համապատասխան հանգուցալուծման ներքո։
Պետական իշխանությունը, պիտի սեփական երկրի սահմանների երաշխավորը լինի։

Սեփական պետության անվտանգության ու ամբողջականության ապահովումից կարևոր ոչինչ չկա։ Ու այսօր առաջիկա ընտրությունների մրցապայքարում հենց այս կենսական հարցերի շուրջ պիտի լինի հիմնական բանավեճը՝ ընտրել անկարող ու թույլ թիմեր, որ ունեն զրո փորձառություն և մեծ հաշվով այդպես էլ չհասկացան՝ ի՞նչ է պետությունը։ Թե քվե տալ թիմերի, որոնք երբեք չլինելով իշխանություն, իրենց վրա պետության հանձնառություն են վերցնում, պետության փոխարեն խնդիրներ են լուծում, պետության գործառույթ իրականացնում ու անգամ խոցված,  բայց չծնկած մեր Արցախում շարունակում են առարկայական աջակցությունն ու օժանդակությունը։

Ռուզաննա Ստեփանյան
ArmLife.am