Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչը բերման է ենթարկվել

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը բերման է ենթարկվել Կոտայքի ոստիկանության բաժանմունք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Էդուարդ Գրիգորյանը։

«Առավոտյան դպրոց եկան ոստիկանները, ասացին, որ Հայկ Փայտյանն ազատի դպրոցի տարածքը։ Փայտյանն էլ հետաքրքրվեց, թե ինչի համար, ասացին, որ աշխատանքից ազատվել է։ Հայկն էլ ասաց, որ իրեն սահմաված կարգով չեն տեղեկացրել, որ աշխատանքից ազատվել է, ինչի՞ համար պետք է ազատի դպրոցի տարածքը։ Ոստիկաններն էլ ասացին, որ իրենց էդպես են ասել ու ինքը պետք է ենթարկվի ոստիկանների օրինական պահանջին»,– պատմեց ռազմագիտության ուսուցիչը՝ հավելելով, որ պատմության ուսուցիչը հրաժարվել է ենթարկվել ոստիակնների պահանջին, եւ նրան բերման են ենթարկել Կոտայքի ոստիկանության բաժանմունք։

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3–ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։