Search
Close this search box.

«Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում». 24-ամյա սիրիացի վարձկանը Der Spiegel-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ համաձայնել է կռվել Լեռնային Ղարաբաղում

Ռուսական «ԻնոՊրեսա» կայքը հայտնում է, որ գերմանական Der Spiegel պարբերականն ապացույցներ ունի այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սիրիացի վարձկաններին նպատակաուղղված ուղարկում է ԼՂ հակամարտության գոտի:

Գերմանական պարբերականի հետ հեռախոսազրույցում 24-ամյա սիրիացի Իբրահիմը հայտնել է, որ գտնվում է ապաստարանում՝ Լեռնային Ղարաբաղում առաջնագծի հարևանությամբ: «Նրա խոսքով՝ ապաստարանի վրայով թռչում են հայկական կործանիչները: Մեր ուղղությամբ հարվածներ են հասցվում: Մենք այնքան շատ մարդ ենք կորցրել, որ արդեն չեմ կարողանում հաշվել նրանց: Ես միայն հույս ունեմ, որ դուրս կգամ այստեղից»,- ասել է նա:

«Իբրահիմը, որը հետապնդումնեից խուսափելու համար չի ցանկացել հրապարակել իր ամբողջական անունը, նշել է, որ մինչև վերջերս մարտնչել էր Բաշար ալ-Ասադի դեմ Սիրիայի ազատ բանակի «Սուլթան Մուրադ» գնդի կազմում, սակայն այժմ ծառայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը Սիրիայի ազատ բանակի միակ դաշնակիցն է ներկա պահին»,- ասվում է Der Spiegel-ի հոդվածում:

Պարբերականի հետ զրույցում Իբրահիմի ընկերներից ոմանք հրաժարվել են մասնակցել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին, սակայն ինքը համաձայնել է, քանի որ պիտի կերակրի ընտանիքին: Նրա կինն ու երեք երեխաները բնակվում են թուրք-սիրիական սահմանին գտնվող ճամբարում: Նրան 1000 դոլար ամսավճար են առաջարկել Կովկասում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

«Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում»,- ասել է Իբրահիմն ու ափսոսանք հայտնել, որ համաձանել է այդ աշխատանքին՝ չնայած վարձատրությանը: