Search
Close this search box.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսեց

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից որեւէ մեկին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովիցկի մարզում կայացած ճեպազրույցում, որտեղ նա ուրբաթ աշխատանքային այցով է գտնվում:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն տրամադրի որեւէ երկրի»,- ասել է պետության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքով:

Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն այս հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Կիեւը, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին «տարբեր հարթակներում»: Ըստ նրա՝ խոսքը ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական աջակցության մասին է: Մինչդեռ ուրբաթ օրը կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մարչենկոյի հայտարարությունները ոչ խմբակցության, ոչ էլ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չեն:

Զելենսկին ճեպազրույցում ասել է նաեւ, որ Կիեւը հակամարտող կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում երկխոսել` հակամարտության դեէսկալացիայի նպատակով: Միաժամանակ, նա հստակեցրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Կիեւի եւ Բաքվի միջեւ «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ են զարգացել, եւ որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: