Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, Բակո Սահակյանը

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։

Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ազգային ազատագրական պայքարում, մեր բանակի, ուժային այլ կառույցների կայացման գործում մեծ ավանդ ունեցող ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն այսօր հյուրընկալել էր մեզ՝ դստեր Արմինեի և Գոռի պսակադրության առիթով:

Կարծում եմ՝ ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր իսկ մասնակցությամբ ազատագրված հայրենի հողում զավակին ամուսնացնելը:

Ահա պայքարելու, հաղթելու և Ազատ Հայրենիքում ապրելու իմաստը…

Շնորհավո ՛ր…»: