Ինչպես հայտնել ենք, ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ 84-ամյա Սերգեյ Խրուշչովը, հունիսի 18-ին մահացել է գլխին ստացած հրազենային վիրավորումից, հայտնում է Associated Press-ը: Ոստիկանությունը, սակայն, չի հայտնաբերել ոչ մի ապացույց, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել կամ հարձակում է եղել: Իրավապահները հակված են ինքնասպանության վարկածին, հետաքննությունը կասեցվել է, քրեական գործ չի հարուցվել:
Սերգեյ Խրուշչովը կնոջ հետ ԱՄՆ-ում էր 1990-ականներից, 1999-ին նա ստացել էր քաղաքացիություն: Կնոջ՝ Վալենտինա Գոլենկոյի խոսքերով՝ Սերգեյ Խրուշչովը վերջին ժամանակներում բողոքում էր ծերության բերած դժվարություններից:
Նրա մարմինը կդիակիզվի, իսկ մոխիրը կթաղվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանում՝ հոր կողքին:
Սերգեյ Խրուշչովի այրին՝ Վալենտինա Գոլենկոն, հերքել է, որ իր ամուսինը մահացել է գլխի հատվածում հրազենային վիրավորումից: Նա պնդում է, որ Սերգեյ Խրուշչովը մահացել է ծերությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պետք չէ ինձ պատմել բոլոր խոսակցությունները: Նա մահացել է ծերությունից: Երկու տարի է՝ նա հիվանդ էր»,-ասել է Գոլենկոն:
Քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը՝ ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին, մահացել է հունիսի 18-ին ԱՄՆ-ում, որտեղ ապրում եւ աշխատում էր 1991 թվականից: