Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը եկել էր դատարան

Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում պատրաստվում են քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդագիր:

Այստեղ է նաև Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին. «Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին՝ Վանեցյանը հայտարարեց, որ վերջինիս հետ ունեցել է ու ունի շատ լավ հարաբերություններ:

Հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդում եղել է, Վանեցյանը նշեց՝ եթե նման բան լիներ, հանրությունը, լրագրողները դրա գնահատականը կտային. «Այս ընթացքում երբևիցե նման գնահատական չի եղել»:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու հավանականությանը ու հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի այդ մասով, Վանեցյանը նշեց, որ Հայաստանում վերջին շրջանում ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ հնարավոր է իր նկատմամբ էլ գործողություններ լինեն. «Ես ասել եմ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ ինձ զրկել ազատությունից, քանի որ ես որևէ ապօրինի բան չեմ արել»:

Վանեցյանը նաև ասաց, որ հիմա ԱԱԾ-ին քաղաքական պատվեր է իջեցվել, իսկ եթե իր ժամանակ իջեցվեր ու ինքը կատարեր դա, մինչև հիմա կշարունակեր պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Այս Բաժնից