Search
Close this search box.

Մեր երկրում սահմանված արտակարգ դրությունը միայն երկու թիրախ ունի` կորոնավիրուսը և հայոց լեզուն

Տեսչական մարմինների միակ գործառույթը` ոլորտի վերահսկողությունն է: Այդ գործունեության համար աշխատակիցներն աշխատավարձ և պարգևավճար են ստանում: Ի դեպ, հարկատուներիս միջոցների հաշվին: Մեր երկրում կա Լեզվի կոմիտե / Language Committee, որը ղեկավարում է Դավիթ Գյուրջինյանը: Կոմիտեն տեսչական մարմին է և կոչված է վերահսկելու լեզվի ոլորտը: Ընդ որում, Լեզվի կոմիտեի գործառույթը շատ պարզ է` ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և գրագրությունը պետք է իրականացվի հայերեն:

Այսինքն, շատ սահմանափակ է նաև տվյալ ոլորտի օրենսդրական դաշտը: Ընդամենը 3-4 օրենք և օրենսգիրք: 3 ամիս առաջ, Հայաստանում գործող խոշոր կազմակերպության կողմից`օտարալեզու վարչարարության հետ կապված փաստեր ներկայացրեցի Լեզվի կոմիտեին: Ասացին, որ կզբաղվեն: Չզբաղվեցին: Առ այսօր պատճառաբանում են, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է:

Տրամաբանությունն անհասկանալի է, քանզի ՀՀ-ում մնացած, առանց բացառության, բոլոր տեսչական մարմիններն իրականացնում են իրենց գործառույթները` ստուգում են, տուգանում են: Բացի այդ, նույն արտակարգ դրության պայմաններում Լեզվի կոմիտեի աշխատակիցները գնում են աշխատանքի և օրվա զգալի մասն անցկացնում են աշխատավայրում, աշխատավարձ և պարգևավճար ստանում:

Աշխատում են նաև հայաստանյան գրեթե բոլոր հիմնարկները, այդ թվում նաև օտարալեզու վարչարարություն իրականացնող կազմակերպությունները: Ստացվում է, որ մեր երկրում սահմանված արտակարգ դրությունը միայն երկու թիրախ ունի` կորոնավիրուսը և հայոց լեզուն: Իհարկե, այլ բացատրություններ ևս կան, սակայն դրանք անտրամաբանական են և ռիսկայի:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից