Search
Close this search box.

«Մեղավորների փնտրտուք. Այո, բոլորիս սխալն է՝ ինձնից սկսած. Նիկոլ Փաշինյան

Երեկ մարդկանց կուտակումների մասին փաստող լուսանկարների հրապարակումից հետո մեկնաբանություններ եղան, թե ես մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետեւ ես ինքս էլ վարակվել եմ եւ իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով, հետեւաբար ում վրա պետք է գցեմ այդ մեղքը: Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ մեր պրոբլեմը ճանաչելու մասին է: Իսկ այդ պրոբլեմը մենք վաղուց գիտենք: Տարիներ առաջ եմ ես անդրադարձել՝ սկսած հերթ կանգնելու պրոբլեմից: Ինչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ խոսքը մեր ծնողների, մեր ազգային անվտանգության մասին է: Հարցը հետեւյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս վիճակը հաղթահարել, թե ոչ: Խնդիրը շատ պարզ է, կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք, որ մեր կորը նվազի»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք երեկվանից տեսնում ենք, որ այսօր մեր ամենամեծ պրոբլեմը բանկային համակարգն է եւ «Հայփոստը»: Ես խոսակցություն եմ ունեցել ԿԲ նախագահի հետ, հանձնարարություն եմ տվել ԲՏԱ նախարարությանը: Մեր պրոբլեմը ո՞րն է, որ մենք մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք: Ամեն բանկ պարտավոր է այդ հարցը լուծել: Մեր հարազատների, մեր իսկ մահվան մեղավոր փնտրելը ո՞րն է: Սա կառավարության համար չի, յուրաքանչյուրս մեզ համար է: Մենք օրենքի, կարգի նկատմամբ վերաբերմունիք հետ կապված պրոբլեմ ունենք: Սա փաստ է, մեղավորի հարց չի»,-ընդգծեց Փաշինյանը:

«Այո, մենք կարող ենք քննադատել ոստիկանության աշխատանքը, ես երեկ լուրջ խոսակցություն եմ ունեցել նաեւ ոստիկանապետըի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ: Դա պարզ է, ես դեռ ընդդիմադիր եղած ժամանակ եմ խոսել ժողովրդի պատասխանատվության մասին: Այն ժամանակ էլ էին ասում, գոնե իշխանափոխություն անի, մեղքը գցում է ժողովրդի վրա: Բայց մենք ո՞նց էինք առանց ժողովրդի հեղափոխություն անելու: Մենք կախա՞րդ ենք, մո՞գ ենք: Նույնն էլ հիմա է. մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ուզում է օգնե՞լ համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնել, որ ավելի տարածվի: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում լիքը մարդ կա, որ նպաստում է դրան:

Այո, բոլորիս սխալն է՝ ինձնից սկսած, հազարավոր ուրիշ մարդկանցով վերջացրած»,-ասաց Փաշինյանը: