Search
Close this search box.

Երբ սերն ավարտվում է գույքի բաժանմամբ

Բուռն սիրո ուղիներում թափառել, վայելելուց հետո ամուսնությունը, շատ դեպքերում, լավագույն հանգրվանը չի դառնում: Սերը միաձուլվում է կենցաղին, հնարավորությունները՝ բախվում փոխադարձ շահերին, պատկերացումները զիջում են իրականին և, ի վերջո, անտանելի է դառնում երբեմնի սիրած օծանելիքի բույրով փոխարինված ճաշի հոտը ու համատեղ օդ կիսելը՝ անհնարին: Եթե պատահեց այնպես, որ ստեղծված իրավիճակում մի նոր՝ առավել «հարմարավետ» սեր էլ բոցավառվեց, ապա այլ ճանապարհ չի մնում, քան գետնով տալ եկեղեցում տրված հավերժ սիրո երդումն ու վազել դատարան՝ ապահարզանի հետևից:

Հաշվի չառնելով զոքանչների ու սկեսուրներերի խոսակցությունները՝ ականջ փակելով հարևանների շշուկներին, պետք է նշել, որ բաժանումների պատճառները տարբեր են , երբեմն նաև՝ անքննելի: Փորձենք անդրադառնալ թեմայի իրավական կողմին, որին բախվում են զույգերի մեծ մասը՝ երբ սերն ու համատեղ ապրելու ցանկությունը նրանց «երկինքներից» իջեցնում են ցած, ու սկսվում են ռոմանտիզմի հետ ոչ մի կապ չունեցող գույքային պահանջները։ Որպես ընդհանուր կանոն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը ամուսինների համատեղ սեփականությունն է, եթե, իհարկե, կողմերի միջև բացակայում է ամուսնական պայմանագիրը: Ամուսնական պայմանագրերի կնքումը մեր պրակտիկայում տարածված չէ, քանի որ որոշ դեպքերում այն կապում են փոխադարձ անվստահության հետ:

«Ղազարյան ընդ փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Ղազարյանը նշում է, որ իրենց պրակտիկայում շատ են հանդիպում ամուսնալուծության ժամանակ համատեղ ձեռքբերված գույքի բաժանմանն առնչվող վեճերը, երբ բացակայում է ամուսնական պայմանագիրը, և ամուսինների միջև չկա համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքի բաժանման վերաբերյալ համաձայնություն: «Հաճախ մեզ դիմում են արդեն ամուսնալուծության եզրին կանգնած քաղաքացիներ, որոնք ամուսնական պայմանագիր չեն կնքել և կանգնել են լուրջ իրավական խնդրի առջև: Օրինակ՝ ամուսիններից մեկը իր սեփական միջոցներով համատեղ կյանքի ընթացքում գնել է բնակարան, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիման վրա ամուսնալուծությունից հետո պետք է բաժանվի երկու հավասար մասերի»,-նշում է Տիգրան Ղազարյանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ՝ ամուսնության ցանկացած փուլում, սակայն նախօրոք կնքված պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցումից հետո միայն: Ինչ վերաբերում է ամուսնական պայմանագրի կնքմանը ներկայացվող պահանջներին, ապա այն ուժի մեջ է, եթե կնքվել է գրավոր և ստացել է նոտարական վավերացում:

Նշենք նաև, որ ամուսնական պայմանագրով չեն կարող սահմանվել ամուսինների ոչ գույքային իրավունքները, օրինակ, նրանց միջև առկա անձնական հարաբերությունները, զգացմունքային դաշտը, երեխաների նկատմամբ իրավունքները և այլն: Տիգրան Ղազարյանը նշում է, որ ամուսնական պայմանագրով սահմանված փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են ամուսնալուծության պահից, բացառությամբ՝ որոշ դեպքերի, երբ այն կարող է շարունակել գործել նաև ամուսնալուծությունից հետո: Ամուսնական պայմանագիրը, ինչպես յուրաքանչյուր պայմանագիր, հնարավոր է փոփոխել և լուծել ցանկացած ժամանակ՝ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ, որը կրկին պետք է կատարվի գրավոր եղանակով և նոտարական կարգով վավերացում ստանա:

Ինչքան էլ կապույտ երկնքի մեջ սերը հավերժ է թվում, չպետք է մոռանալ նաև կուտակվող ամպերի մասին: Շատերը չգիտեն, մոռանում են կամ, պարզապես, չեն էլ ուզում լսել ամուսնական պայմանագրի մասին, ինչը երբեմն անհրաժեշտ է, հետագայում վեճերից և տհաճություններից խուսափելու համար:
Նյութի աղբյուր՝ gpnews.am