Search
Close this search box.

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի

Եվրադատարանը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է մահացածի փաստաբան Մարկ Սաֆարյանը։

«Շվեդիայի կառավարությունը ներգրավված է պրոցեսի մեջ։ ՄԻԵԴ-ը Շվեդիայի կառավարությանը մինչև նոյեմբեր ժամանակ է տվել հաշտության գալու համար, որը ենթադրում է ֆինանսական փոխհատուցում, որպեսզի գործը կարճվի»,- ասել է փաստաբանը։

Կայէը հիշեցնում է, որ 2017թ․ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի ցուցաբերվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների գործողությունների դեմ այդպես էլ գործ չի հարուցվել: Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա։

Փաստաբան Մարկ Սաֆարյանը նշել է, որ շատ բացառիկ երևույթ է, որ ընդդեմ Շվեդիայի կառավարության կյանքի իրավունքի և դատական պաշտպանության իրավունքի հոդվածներով գործը Եվրադատարանը վարույթ ընդունի։ «30 տարում 2-3 նման գործ է Շվեդիայի դեմ վարույթ ընդունվել։ Դա անհավանական է։ Շվեդները միշտ, կոպիտ ասած, կարողացել են տակից դուրս գալ»,- ասել է նա։

Շվեդիայում Դավիթ Բարսեղյանի գործով իրավապահ մարմիների դեմ գործ չհարուցելը, ըստ նրա, խայտառակություն էր․ փաստերը վկայում են, որ նրանք իրենց անգործությամբ սպանել են մարդուն։ «Դա փաստ է։ 400 էջ նախաքննությունն է եղել, փաստեր կան, որ ապացուցում են այդ ամենը։ Պարզապես այստեղի դատախազները եկան այն եզրակացության, որ ոստիկանները չեն հասկացել, որ Դավիթ Բարսեղյանը լավ չի զգում իրեն։ Ինսուլտի փաստը իրենք իբրև թե շփոթել են պասիվ դիմադրության հետ։ Բոլոր հարցերին տարօրինակ բացատրություններ են եղել»,- ասել է փաստաբանը։

Մարկ Սաֆարյանի խոսքով՝ եթե Եվրադատարանը գործն ընդունում է վարույթ, նշանակում է, որ շատ լուրջ հիմքեր ունի հայցը բավարարելու։ «Մինչև նոյեմբերի 5-ն է տրված ժամկետ՝ ընդհանուր հայտարարի գալու համար։ Եթե մինչ այդ ընդհանուր հայտարարի չգան, պրոցեսը շարունակվելու է։ Չեմ կարող ասել, թե ինչ փոխհատուցում է առաջարկվում, գաղտնիություն պահելու խնդիր կա, բայց կարող եմ ասել, որ իրավահաջորդները տրամադրված են շատ վճռական՝ արդարության հասնելու համար։ Դա է նրանց համար ամենակարևորը»,- նշել է նա։

Փաստաբանի խոսքով՝ Եվրադատարանի կողմից ՀՀ քաղաքացու վերաբերյալ գործի վարույթ ընդունվելու մասին զեկուցվել է նաև ՀՀ կառավարությանը։

Խոսելով այս գործի հետ կապված ՀՀ կառավարության ներգրավման անհրաժեշտության մասին՝ Մարկ Սաֆարյանը հիշատակել է, որ մահացածի ընտանիքի անդամները բազմիցս դիմել են ՀՀ կառավարություն, վերջերս էլ վարչապետին են նամակ ուղարկել, ստացել են պատասխան։

«Այսպես ասեմ՝ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Դավիթ Բարսեղյանի մահվան օրվանից մինչև այսօր ցուցաբերել է անտարբերություն, ինչն իրականում պետության համար ամոթ է։ Այս դեպքն ի սկբանե մեծ հնչեղություն ստացավ։ Դեսպանի մակարդակով փորձ էր արվում փաստաբանին ճնշել։ Ես, որպես Շվեդիայի փաստաբանների միության անդամ, որպես հայ, ամոթ եմ զգում Շվեդիայում ՀՀ դեսպանատան նման վերաբերմունքի համար։ Եթե նման իրավիճակում իրենց քաղաքացուն չեն պաշտպանում, ապա նրանց գործառույթը ո՞րն է։ Աջակցություն ասելով՝ մենք հասկանում էինք, որ գոնե հայտարարություն լիներ, ցույց տային, որ գոնե հետաքրքրված են իրենց քաղաքացու խնդիրներով»,- ասել է նա։

Մարկ Սարֆարյանը պատմել է, թե անձամբ իրեն ինչպես են դիմել ՀՀ դեսպանատնից։ «Դեպքի երկրորդ օրը ես հեռախոսազանգ եմ ստանում դեսպանատան ներկայացուցիչ Արշակ Մանուկյանից։ Նա ոչ քաղաքակիրթ, փողոցային տոնով ասում էր՝ «վերջ տվեք, այլապես մահացածի մարմինը Հայաստան չի հասնի»։ Այդ խոսակցության մասին շատերը գիտեն, պարզապես մտածել էի հրապարակել այդ մասին վերջում՝ որպես ամոթանք։ Այն ժամանակ դեսպանը ներկայիս փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն էր, որն էլ ընդհանրապես հետաքրքրություն չցուցաբերեց այս գործի նկատմամբ»,- հավաստիացրել է փաստաբանը։

Հինա արդեն, Մարկ Սաֆարյանի խոսքով, սպասում են գործի վերջնական հանգուցալուծմանը։ Եթե մինչև նոյեմբեր հաշտություն չլինի, ապա, ըստ նրա, գործը կքննվի Եվրադատարանում։ «Շատ արագ է գործընթացը լինելու։ Տարիներ չեն պահանջվելու»,- ասել է նա։