Search
Close this search box.

Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է․ ներսում՝ 41-ամյա վարորդի դին

Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 16։40-ին հայտնաբերվել է Աղստև գետն ընկած ավտոմեքենան: Մեքենայում նաև վարորդի դին է հայտնաբերվել: Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից, մասնատել այն, վարորդի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Նշենք, որ մայիսի 11-ին, ժամը 06:10-ին մոտ 40 կիլոմետր երկարությամբ շարունակվել են գետում որոնողական աշխատանքները: Դրանցում ներգրավվել էին Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ: Փրկարարների և ջրափրկարարների կողմից որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են հատուկ միջոցներ և սարքավորումներ: Աշխատանքներում ներգրավվել է 56 փրկարար, ինչպես նաև Գանձաքար գյուղի 10 բնակիչ:

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների՝ Իջևանի հատվածում գետի հոսքի արագությունը կազմում է 149 խմ/վրկ, Դիլիջանի հատվածում՝ 27,3 խմ/վրկ, իսկ ջրի մակարդակը Իջևանի հատվածում բարձրացել է 1,6 մետր, Դիլիջանի հատվածում՝ 1,28 մ, Խաշթառակ գյուղի մոտակայքում գետը դուրս է եկել ափերից, ինչը կարող է հանգեցնել նաև գետում առկա քարերի տեղաշարժի:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում Ժիրայր Ա.-ն (ծնված 1979թ.) «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Գետի վարարման պատճառով փրկարարներին չէր հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից: Աշխատանքները դադարեցվել էին:

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները՝ ոստիկանների և տեղի բնակիչների հետ մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել էին որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 21:42-ին աշխատանքները դադարեցվել էին անարդյունք. ավտոմեքենան չէր հայտնաբերվել: