Search
Close this search box.

Քաղաքացին մեղավոր կճանաչվի համավարակի նոր բռնկումների մեջ

Սահմանափակումների մի մասը հանվեցին այսօր՝ մայիսի 4-ին, բայց հետագա խնդիրների՝ համավարակի նոր բռնկումների ամբողջ պատասխանատվությունը դրվեց քաղաքացու վրա։ Քաղաքացին ի զորո՞ւ է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Եվ արդյո՞ք կառավարությունը խորհուրդներ տալուց և սահմանափակումներ կիրառելուց բացի, գործուն մեխանիզմներ չի կիրառելու համավարակի դեմ պայքարի այս փուլում։

Եվրոպայի երկրներում սահմանափակումների հանելուն նախորդել էր փաստացի վարակակիրների թվի նվազումը։ Մեզ մոտ հակառակ պատկերն է՝ օրական վարակակիրների թիվը շեշտակի ավելացել է։ Եթե կարանտինը հանելուց հետո նոր բռնկումների պատասխանատվությունը պետք դրվեր քաղաքացու և տնտեսվարողի վրա, ապա ինչո՞ւ սահմանափակումները չհանվեցին ապրիլի 14-ին։ Արդյո՞ք մեկ ու կես ամիս էր պահանջվում, որպեսզի պարետատունը կարողանա սահմանել, թե տնտեսվարողն ու քաղաքացին ինչ նորմեր պետք է պահպանեն՝ նոր բռնկումները կանխելու համար։ Ո՞վ է չափել, թե կարանտինային այս շաբաթների ընթացքում ինքան է աճել քաղաքացու անհատական պատասխանատվության զգացումը։ Ու եթե քաղաքացու անհատական պատասխանատվության աճի մասին վիճակագրություն չկա, ապա նախորդ կարանտինային շաբաթները կարելի է անիմաստ կորցրած համարել։

Անցած շրջանն ամփոփելով, կարելի է գնահատել, որ կառավարությունն ընդամենը քաղաքացիներին է փոխանցում ԱՀԿ-ի կողմից ստացած հրահանգները (ձեռքերը հաճախ լվանալ, սոցհեռավորություն պահել և այլն)։ Չկա տեղեկատվություն այս պայքարում կառավարության կիրառելիք նոր մեխանիզների, բուժման արդյունավետ մեթոդների և դեղամիջոցների կիրառման մասին։ Հետևաբար՝ մայիսի 4-ից սահմանափակումների հանելը նույնքան անբացատրելի է, ինչքան դրանք մտցնելը։

Հարկ է նկատել, որ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո հասարակության մեջ արժեքային տեղաշարժ չի եղել, և էական ոչինչ չի փոխվել քաղաքացու սոցիալական գիտակցության մեջ։ Նա դեռ ունի սովետահպատակի, թույլի, փոքրի, պողոսի բարդույթներ, որոնք ձևավորվել են ոչ միայն խորհրդային բռնազավթման տարիներին, այլև դրանից հետո։ Օրինակ՝ եթե կառավարությունն այդ բարդույթներից զերծ լիներ, ապա գազի, լույսի վճարները մասնակի փոխհատուցելուց առաջ կազգայնացներ «Գազպրոմն» ու ՀԷՑ-ը մինչև պանդեմիայի ավարտը։

Այդ դեպքում կոմունալ համերաշխության կոչն արդարացի կլիներ։ Եվ բարձր աշխատավարձ, եկամուտ ունեցող ֆիլանտրոպը կարող էր օգնել աղքատ հարևանին, համոզված լինելով, որ իր փողն ամբողջությամբ պետության բյուջե կմտնի և ազգային նպատակի կծառայի։ Այս կարգի ազգանվեր քայլերի հաղորդած լիցքը կամրացներ քաղաքացու և կառավարության համերաշխությունը։ Առանց այդպիսի լիցքի քաղաքացին այսօր օբյեկտիվորեն չի կարող դրսևորել անհատական պատասխանատվություն, բայց վաղը մեղավոր կճանաչվի համավարակի նոր բռնկումների մեջ և որոշ ժամանակ անց, հնարավոր է, կրկին կդատապարտվի «տնային կալանքի» 30 օրով։

Թաթուլ Մկրտչյան