Search
Close this search box.

Պարետի որոշումը չի ենթադրում հագուստի խանութների ու մոլերի վերաբացում

Ինչպես գիտենք, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 23-ից:

Մասնավորապես հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվել է անցակետերը: Այս կետը մարդկանց շփոթության մեջ էր գցել: Մասնավորապես շատերին հետաքրքրում էր, թե արդյոք դա նշանակում է, որ առանց տեղաշարժման թերթիկի ու անձնագրի հնարավոր է տարբեր վայրեր այցելել: Սակայն նշենք, որ մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Որոշներին էլ հետաքրքրում էր, թե արդյոք նույն որոշմամբ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները վերացմամբ պայմանավորված ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակների թույլատրումն իրենից ենթադրում է հագուստի խանութների ու մոլերի աշխատանքի վերականգնում: Բայց այս սահմանափակման վերացումը ևս չի վերաբերում մոլերի ու հագուստի խանութների գործունեությանը: Դրանք դեռևս կշարունակեն փակ մնալ: Փոխարենը մարդիկ կարող են շարունակել օգտվել առաքման ծառայություններից, որոնց միջոցով գրեթե ամեն ինչ հնարավոր է ձեռք բերել: