Search
Close this search box.

ՌԴ քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց` հույս ունենալով , որ Փաշինյանը կօգնի իրենց

Ապրիլի 16-ին Ռուսաստանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակցի խոսքով` քաղաքացիները Հայաստան են եկել տարբեր պատճառներով:

«Մենք ընդհանուր մոտ 300 մարդ ենք եւ 78 ավտոմեքենա: Շատերի փողերը վերջացել են, եւ նրանք չեն կարող մնալ հյուրանոցներում, գիշերում են ավտոմեքենաների մեջ, քանի որ արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն, քանի որ Վրաստանն արգելել է Ռուսաստանի քաղաքացիներին իր տարածքով Ռուսաստան վերադառնալ: Երեկ մենք իմացանք, որ Ռուսաստանի քաղաքացիներին պատրաստ են թույլ տալ անցնել «Վերին Լարս» անցակետով: Ստացվում է, որ դեսպանատունը, փաստորեն, կեղծ տեղեկատվություն է հրապարակում: Հենց մենք պատրաստվեցինք այս հարցով գնալ ՄԱԿ-ի գրասենյակ, Ռուսաստանի դեսպանատունը ՄԱԿ-ին եւ այլ դեսպանություններին հայտնեց, որ ավտոբուսներով տեղափոխում կկազմակերպվի:

Դա, սակայն, կարող է ռիսկեր պարունակել, եթե ուղեւորներից մեկը վարակված լինի կորոնավիրուսով: Բացի այդ, Ռուսաստան ժամանելուն պես քաղաքացիները կտեղափոխվեն հարկադիր կարանտին, եւ մարդիկ չեն կարողանա գնալ իրենց տները: Եւ սա չհաշված այն, որ այսօրվա դրությամբ տրանսպորտային երթեւեկության սահմանափակում կա: Մենք դիմում ենք Վրաստանի եւ Շվեյցարիայի դեսպանատներին` խնդրանքով լուծել տեղափոխման հարցը: Մենք պատրաստ ենք վճարել ոստիկանության կամ ՄԱԿ-ի ծախսերը, եթե ուղեկցություն ապահովվի:

Դեսպանի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերից հետո ես համոզվեցի, որ դեսպանատունը, որտեղ մեր պահանջները անտաշություն են համարվում, կոմպետենտ չէ: Մեզ կարող է օգնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարող է կապվել Վրաստանի կառավարության հետ եւ լուծել տարանցման հարցը», – շեշտել է բողոքի ակցիայի մասնակիցը:

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ավելի վաղ տեղափոխման չվերթներ կազմակերպել էր իր քաղաքացիների համար` կոչ անելով օգտվել դրանցից` հետագա դժվարություններից խուսափելու համար:

Այս Բաժնից