Կան տարբեր պլաններ, որոնք անընդհատ կարող են փոփոխվել հընթացս. մեր գնահատականներով, մենք երկրորդ փուլի վերջին ենք եւ մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Այս փուլում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի բոլոր հնարավոր սահմանափակումները: Իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողների, որոնք պետք է աշխատեն, ավելացնելու վերահսկողությունը եւ կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ»,-ասաց նա:
Հաջորդ փուլում, ըստ Ավինյանի, որը կանխատեսվում է, որ կարող է ապրիլի 14-ից հետո լինել, հույս ունեն, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանան զարգացնել, որ դրանք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել: « Այդ գործիքներն արդեն առկա են, մենք ընդամենը սպասում ենք օրենքի ընդունմանը, որ նախ կարողանանք արդյունավետ կերպով րոպեների ընթացքում հայտնաբերենք այն անձանց շրջանակը, որոնք շփվել են վարակակրի հետ: Երկրորդ, արդյունավետորեն հետեւենք ինքնամեկուսացման կանոնին, որովհետեւ եթե անձինք շփվել են վարակակրի հետ, եթե նույնիսկ իրենց զգացողությունը լավ է, եթե ջերմություն չունեն, հազ չունեն, իրենք պոտենցիալ վարակակիր են»,-ասաց փոխվարչապետը:
Նա ընդգծեց, որ 4-րդ փուլում կհանեն բոլոր սահմանափակումները. Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»: