Search
Close this search box.

Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար

Հայաստանում այս գիշեր տեղի է ունեցել տարածաշրջանի համար բացառիկ վիրահատություն՝ 4.5-ամյա Անգելինայի մարմնում արհեստական ձախ փորոք են տեղադրել։ Նորք–Մարաշ ԲԿ–ի սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղջնակի վիրահատությունը տևել է ամբողջ գիշեր՝ 7-8 ժամ։

Երեխայի վիրահատության գումարի հանգանակության համար բացվել էր հաշվեհամար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից. վիրահատության համար անհրաժեշտ էր 100 հազար դոլար։

«Երեխայի սրտի ձախ բաժինը բավարար չէր կծկվում և արյուն մատակարարում։ Ցավոք, մինչև արհեստական ձախ փորոք տեղադրելը նրա մոտ սրտի կանգ էր առաջացել։ Մեզ հաջողվեց վերականգնել սրտի աշխատանքը, սակայն վերականգնողական աշխատանքների հետևանքով վնասվել են նրա թոքերը»,– ասաց Հեբոյանը։
Այժմ Անգելինան վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին սպառնացող վտանգը դեռ չի անցել։ Բժիշկը հայտնեց` ի վերջո, անհրաժեշտ է լինելու սրտի փոխպատվաստում կատարել, և ձախ փորոքի տեղադրումը ժամանակավոր լուծում է։ Հեբոյանը նշեց` ձախ փորոքը բավական լավ է հիմա աշխատում, այժմ բժիշկներին մտահոգում է աջ փորոքի կծկումները, ինչպես նաև թոքերի աշխատանքը. Անգելինան արհեստական շնչառության սարքի օգնությամբ է շնչում։

ԲԿ–ի մանկական բաժանմունքի վարիչ Հովհաննես Զոհրաբյանն էլ հայտնեց` երեխայի մոտ նման վիճակ է ստեղծվել, քանի որ վիրուսների պատճառով երեխայի մոտ սրտամկանի բորբոքում է տեղի ունեցել։ Տարիների ընթացքում սրտամկանը սկսել է վատ աշխատել, և երեխայի վիճակը հետզհետե վատացել է։ ԲԿ–ի բժիշկները վաղուց են հսկել Անգելինային։

Նորք–Մարաշ ԲԿ–ի տնօրեն Միքայել Ադամյանն էլ նշեց` սա այն դեպքն էր, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, ուս ուսի տված` սարեր շուռ տվեցին։ Անգելինայի` ձախ փորոքի տեղադրման հարցում շատերն են օգնել։

«Երեխային տեղադրված սարքը գերմանական է` լավագույն սարքերից, որի արժեքը 100 000 ԱՄՆ դոլար է։ Սարքը Հայաստան հասավ 2 օրում` շնորհիվ Գերմանիայի մեր ազգակցի։ Այն, ինչ 2 շաբաթ առաջ երազանք էր թվում, հիմա իրականություն դարձավ»,– ասաց Ադամյանը։

Նրա խոսքով` դեռ վաղ է խոսել երեխայի` սրտի փոխպատվաստման մասին, քանի որ բժիշկները կարող են հանգիստ շունչ քաշել, երբ երեխայի թոքերը նորմալ աշխատեն, ու նա սկսի ինքնուրույն շնչել։

Այդ պահին հիվանդանոցում էին նաև Անգելինայի ծնողները։ Նրա մայրը` Տաթևիկ Զառահյանը, հայտնեց, որ երեխան մի քանի ամսական է եղել, որ սուր բրոնխիտ է տարել, ինչից հետո սկսել է իրեն թույլ զգալ ու հետազոտություններից հետո պարզվել է` վարակը բորբոքել է սրտամկանը։

«Շատ շնորհակալ եմ Վահան Քերոբյանին։ Նա եթե չլիներ, մենք չէինք էլ իմանա, որ կարող են երեխայիս արհեստական փորոք տեղադրել։ Նա մեզ շատ օգնեց կազմակերպչական, ֆինանսական հարցերով»,–ասաց Տաթևիկը։

armeniasputnik.am