Search
Close this search box.

Մասիս Մայիլյանը Սերժի թիմակիցն է. կեղտոտ արշավի թոփ հնգյակը

Մոնթե Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շաբաթվա ընթացքում, դե արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարունակվում է ֆեյքերով և կեղծ լուրերով կեղտոտ արշավը ընդդեմ Մասիս Մայիլյանի ու մեր քաղաքական թիմի։

Ստահոդ լուրերն այնքան շատ են, որ անդրադառնում եմ միայն դրանց թոփ-հնգյակին։

ՍՈՒՏ N1. Սամվել Բաբայանի կողմից Մասիս Մայիլյանի թեկնածությունը սատարելուց հետո Հայաստանի իշխանությունների հետ խնդիրներ են առաջացել։

Իրականություն. ՀՀ իշխանությունների հետ որևէ խնդիրներ չեն եղել, չկան և չեն էլ լինելու։ Առհասարակ նույն արժեհամակարգը կրող թիմերի միջև նման խնդիրներ առաջանալ չեն կարող։ Խնդիրներ կարող են առաջանալ միայն սերմացու գողացող մկների և թալանչիների հետ։

ՍՈՒՏ N2. «Նոր Արցախ» դաշինքը լուծարվում է։

Իրականություն. «Նոր Արցախ» դաշինքը ի սկզբանե կազմված է եղել 3 կուսակցություններից, առ այսօր ունի նույն կազմը, այն ավելի միասնական է քան երբևէ և նման ստահոդ տեղեկությունների ու էժանագին մեթոդների կիրառման շնորհիվ է՛լ ավելի անսասան է։ Դե իսկ դաշինքի շարքերը՝ պառակտվելու փոխարեն, օրեցօր համալրվում են։

ՍՈՒՏ N3. Սերժ Սարգսյանն է նշանակել Մասիս Մայիլյանին Արցախի արտաքին գործերի նախարար, Մայիլյանը Սերժի թիմակիցն է։

Իրականություն. Մասիս Մայիլյանը վերադարձել է պետական համակարգ միայն ապրիլյան պատերազմից հետո։ Նրա վերադարձը կապված էր արտաքին գործերի ոլորտում մեծ ծավալի, որակյալ և պատասխանատու աշխատանքի կատարման անհրաժեշտությամբ։ Դա մի իրավիճակ էր, երբ գործող իշխանությունը և Մայիլյանը ստիպված էին մի կողմ դնել իրենց քաղաքական հայացքները և առաջնորդվել բացառապես պետական շահով։ Ինչպես կամավորներն էին, գալիս և մասնակցում Արցախի պաշտպանությանը, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչներն էին համախմբել նույն օրակարգի շուրջ։

ՍՈՒՏ N4. Մայիլյանը դուրս է եկել Արցախի կառավարության դեմ։

Իրականություն. Մասիս Մայիլյանը շարունակում է մնալ Արցախի արտաքին գործերի նախարարը։
Արցախի կառավարության, որևէ կազմակերպության կամ անձի դեմ նա «դուրս չի եկել», իսկ այժմ գտնվում է արձակուրդում և ղեկավարում է Նոր Արցախի բարեփոխումների ծրագրի ավարտական աշխատանքները։
Մեր պայքարը ոչ թե դեմ է որևէ մեկի անձի, այլ հանուն այն Նոր Արցախի է, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, իրավունքներ և պարտականություններ։

ՍՈՒՏ N5. Գրիգորի Սահակյանը ներգրավված է եղել ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ և միացել է Մայիլյանի թիմին, որպիսի ՀՀ իշխանությունները պաշտպանեն նրան հնարավոր պատասխանատվությունից։

Իրականություն. Գրիգորի Սահակյանը որևիցե կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված չի եղել, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի եղել, դե երևի արդեն ավելորդ է ասել, որ մենք ոչ մեկին քրեական հետապնդումից պաշտպանելու ոչ հնարավորություն ունենք, ոչ էլ ցանկություն։ Սահակյանը մեր բանակի լավագույն սպաներից էր, հանգամանք, որը երբևէ որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել։ Իհարկե, մինչև Մ. Մայիլյանի քաղաքական թիմին նրա միանալը:

Դեռ այսքանը։ Սպասենք ստերի նոր թոփ-հնգյակին։ Համոզված եմ, որ մեր քաղաքական հակառակորդները երկար սպասել չեն տա: