Search
Close this search box.

ՌԴ դեսպանատան տարօրինակ հայտարարությունը

Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի այն մտքի կապակցությամբ, որ Հայաստանում դիտարկվում է ազգային մուլտիպլեքսից օտարերկրյա հեռուստաալիքները հեռացնելու տարբերակ, որպեսզի նրանք հեռարձակվեն այլ հաղորդուղիներով:

Տիգրան Հակոբյանը մտադրությունը բացատրել էր նրանով, որ օտար հեռուստաընկերությունները բնականաբար վարում են տվյալ երկրների պետական շահին համարժեք խմբագրական քաղաքականություն, եւ հեռարձակվող կոնտենտը կարող է օրինակ խիստ բացասական լինել այլ պետության հանդեպ, որի հետ տվյալ հեռարձակողի երկիրը ունի վատ հարաբերություն, իսկ Հայաստանն ունի լավ հարաբերություն: Բայց հեռուստադիտողը կարող է հայտնվել այդ վատ քարոզչության ազդեցության տակ:

Բացատրությունն օրինակ առավել քան հասկանալի պետք է լիներ ռուսական կողմի համար, հաշվի առնելով այն, թե Ռուսաստանում ինչպես են վերաբերում այն հեռարձակողին, որը դուրս է ռուսական պաշտոնական պրոպագանդայի «կանոններից»:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարածել է հայտարարություն, թե հայ-ռուսական հարաբերության մասին Հայաստանի ղեկավարության հավաստիացման ֆոնին, ռուսական հեռարձակողների հանդեպ այդ մտադրությունը տարակուսելի է:

Նախ, խոսքն իհարկե միայն ռուսական ընկերությունների մասին չէ, Տիգրան Հակոբյանը բերել է նաեւ CNN օրինակը: Բայց խնդիրն այս դեպքում պարիտետը չէ, այլ առկա իրողությունները: Բանն այն է, որ տարակուսելի է ՌԴ դեսպանատան արձագանքը ինքնին, այն դեպքում, երբ նույն դեսպանատունն օրինակ իրեն իրավունք է վերապահում գնահատական տալ եւ տարակուսել Հայաստանի որեւէ լրատվամիջոցում «ռուսական պատկերացումներից» դուրս բովանդակության առնչությամբ, ինչպես արել էին ամիսներ առաջ:

Բայց խորքային առումով հարցը նույնիսկ դա էլ չէ, այլ այն, որ ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանում հեռարձակվում են ազգային մուլտիպլեքոսով, հաճախ ակնհայտ հակահայ բովանդակությամբ: Ընդ որում, դա եղել է թե հեղափոխությունից առաջ, թե հետո: Մինչդեռ, այդ հակահայ բովանդակության առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ամենեւին չի արել որեւէ տարակույս ենթադրող հայտարարություն եւ չի հայտնել որեւէ ափսոսանք: Որպես կանոն, հղում է արվում հանգամանքին, թե դրանք լրատվամիջոցներ են իրենց խմբագրական քաղաքականությամբ: Շատ լավ, մի կողմ թողնենք հանգամանքը, որ այդ հեռարձակողները նույնիսկ գրեթե բոլոր դեպքերում անգամ դե յուրե պետական են: Բայց այդ դեպքում ինչու «խմբագրական» բաղադրիչը դարձնել հայ-ռուսական միջպետական հարաբերության «ջերմաչափ», ինչի մասին ակնարկում է ՌԴ դեսպանատունը:

Այդ հարաբերությունն ունի շատ կարեւոր ընդհանուր հետաքրքրություններ, ըստ այդմ առավել իրապաշտ, երկուստեք շահեկան, փոխադարձաբար արժանապատիվ եւ հարգալից «ջերմաչափման» ուղղություններ:

Օրինակ, դրանցից մեկը ռուս-թուրքական 1921 թ. պայմանագիրն է՝ հայերի արյամբ կնքված, որի 100-րդ տարելիցը լրանում է 2021 թվականին: Ռուսական հեռուստաընկերությունները հայ-ռուսական հարաբերության «ջերմաչափի» դեսպանատան տրամաբանության շրջանակում կանդրադառնա՞ն այդ պայմանագրին, դրա հակահայկական բնույթին, դրա հանդեպ գոնե առ այսօր ռուսական քաղաքականության հավատարմությանը: Թե՞ ավելի թանկ է ռուս-թուրքական ջերմությունը, այդ թվում հայկական շահերի հաշվին, եվ խոշոր հաշվով նաեւ ռուսական, որովհետեւ այդ պայմանագիրը գործնականում արտացոլում է Հայաստանի սուբյեկտության «դիակի» վրայով Ռուսաստանին հասնելու թուրքական հեռանկարը:

Հայաստանն իհարկե թույլ չի տա իրեն վերածել «դիակ պետության»: Բայց այդուհանդերձ հարց է առաջանում՝ ու՞մ շահն են սպասարկում պայմանագրին լռությամբ կամ բարձրաձայն հավատարմություն հայտնողները:
lragir.am