Search
Close this search box.

Կա՞ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով արձանագրված որևէ դեպք

Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, և թեստը նոր է մշակվում: Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ` այդ թեստը ձեռք բերելու համար: Մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց` թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են դիֆերենցել այլ հիվանդություններից: Նախարարը վստահեցրեց, որ մինչև օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ, և թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ: «Հետևաբար մենք 99.9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,-եզրափակեց նախարարը: