Search
Close this search box.

«Արտառոց ոչինչ չենք տեսնում». Տոնոյանը` Ծառուկյանի ընկերություններում ստուգումների մասին

Իվետա Տոնոյանի դիտարկմամբ` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում մշտապես իրականացվում են ստուգումներ: Ըստ նրա` բոլոր այն ընկերություններում, որտեղ Ծառուկյանն ունի բաժնեմասեր, որոնք հանձնված են հավատարմագրային կառավարման «Մուլտի գրուպ» կոնցեռնին, բոլոր իշխանությունների օրոք շարունակաբար իրականացվել են ստուգումներ:

Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ։ Ըստ տեղեկության՝ քրեական գործեր են հարուցվում Ծառուկյանի ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։ Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել խորհրդարանի ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ և իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում:

«Մենք դադարել ենք դրանում ինչ-որ արտառոց բան տեսնել: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին կամ կանխատեսումների տեսությանը, մասնագիտական առումով սկզբունքորեն երբեք չեմ մեկնաբանում ու չեմ անդրադառնում, այլ ի պաշտոնե կամ իմ գործի բերումով անդրադառնում եմ կատարված փաստերին: Թե իշխանություններն ինչ մտադրություններ ունեն այս հարցերի հետ կապված, բնականաբար չեմ կարող ասել, սակայն նշեմ, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված բոլոր ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի տառին համապատասխան, և Գագիկ Ծառուկյանը բազմիցս անդրադարձել է այդ հարցին»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով մամուլում մեծ աղմուկ բարձրացրած Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի պահվածքին` Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանն իր հստակ տեսակետն հայտնել է այդ առնչությամբ` ասելով, որ ընտանիքը երբեք չպետք է քաղաքական գործընթացների մաս կազմի։ ԲՀԿ առաջնորդն անթույլատրելի է համարում նաև ընտանիքի անդամների հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու վարքագիծը:

Տոնոյանի հավաստմամբ՝ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես են գալիս ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից, հետևաբար, Ծառուկյանի պատասխանը հնչել է բացառապես այս հարցի շրջանակում:

Հիշեցնենք` Հարթենյան Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել` ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ։ Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ, շատերը քննադատեցին նրա քայլը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ գումարեց` հորդորելով Հարթենյանին մանդատը վայր դնել։ Հարթենյանը լսեց գործընկերների հորդորն ու վայր դրեց մանդատը։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am կայք