Search
Close this search box.

«ՀՀ-ում քաղաքական հետապնդում որևէ մեկի հանդեպ չի իրականացվում». Արման Սարգսյան

Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպումը: Լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանն ասաց, որ քննարկել են ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, եղել են նաև սուր հարցեր: Թե որոնք են այդ սուր հարցերը, Արման Սարգսյանն ընդհանրական պատասխան տվեց՝ «բոլոր այն հարցերը, որոնք լրագրողներին հետաքրքրում են»: Իսկ լրագրողները նախևաառաջ ակնկալեցին ստանալ ոստիկանապետի պաշտոնակատարի պատասխանն այն գնահատականին, թե ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են, անհիմն կասկածներով մարդիկ են բերման ենթարկվում և այլն: Ա.Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները. «Ոստիկանությունը, լինելով հետաքննող մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ստուգման արդյունքներով ազատ արձակել»:

Այս դիտարկմանը, թե օրեր առաջ Նարեկ Մալյանին և մյուսներին բերման ենթարկելու դեպքում գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, ոստիկանապետի պաշտոնակատարը հայտարարեց. «ՀՀ-ում քաղաքական հետապնդում որևէ մեկի հանդեպ չի իրականացվում: Եթե իրականացվեր, թե՛ խոսքի, թե՛ գործելակերպի այսպիսի ազատություն չէինք ունենա»: