Search
Close this search box.

Հոր միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռևս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, և դեկտեմբերի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել և որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Այդ նիստից և քննարկումներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ գրել էինք, որ այդ օրվա քննարկումը բավականին բուռն է անցել, սակայն ուշագրավն այն է, որ մինչև այժմ էլ Հարթենյանը չի ընդունել, որ սխալ արարք է արել: Եվ մեր տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներն այդ թեմայով անգամ զրույց են ունեցել ավագանու նախկին անդամի հոր հետ և, ըստ էության, հայրիկի միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ մինչև շաբաթվա վերջ Հարթենյանը կհրավիրվի նաև ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն, մեր տեղեկություններով, այնուամենայնիվ նրան կուսակցությունից հեռացնելու հարց դրված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: