Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը զենքը պահել է հղի կնոջ ուղղությամբ ու պահանջել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին

Ականատեսը Tert.am-ի հետ զրույցում պատմել է, որ «Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը զենքը պահել է հղի կնոջ ուղղությամբ, հարցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղն ու պահանջել գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:

Ոստիկանության տեղեկացմամբ էլ ՝Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։