Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր բալային համակարգով արդեն իսկ վարորդական իրավունքից զրկվածներ կան. Սերգեյ Ղահրամանյան

Նոր բալային համակարգով արդեն կան կայացված վարչական արձանագրություններ եւ որոշումներ: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` նշելով, որ արձանագրությունների թիվը մոտ 100 է, իսկ որոշումները` մոտ 50:

«50 որոշումներից հիմնականը ալկոհոլի օգտագործման հետ է կապված, միայն Երեւանում այս տարվա առաջին 5 օրերին 56 դեպք էր արձանագրվել: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 100 դեպք, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում,ամսվա վերջում ոստիկանությունն արդեն պաշտոնապես կհրապարակի այդ տվյալները»,- ասաց նա` նշելով, որ նախորդ տարվա համեմատ խմածությունների թվի նվազում է նկատվել այս տարի։

Նրա խոսքով` այս նոր համակարգով դեռեւս միայն խախտման համար գումարային տուգանքն է կիրառվում, իսկ բալերի հանման մասը կկիրառվի սեպտեմբերի մեկից:

«Այսինքն՝ հիմա այնպես չի, որ բալերը կուտակվում են ու միանգամից սեպտեմբերին կհանվեն, այլ եթե, օրինակ, տեսուչը տուգանում է եւ 10 հազար դրամ տուգանքն է եւ մեկ բալ, ապա վարորդը միայն 10 հազար դրամ տուգանքն է վճարում: Իսկ բալերը կհանվեն սեպտեմբերի 1-ից»,-ասաց նա: Ղահրամանյանը նշեց, որ խմածության նվազագույն շեմ է համարվում արյան մեջ 0.2 գրամը, իսկ արտաշնչած օդի մեջ՝ 0.1 միլիգրամը, իսկ մինչեւ այդ թվերը որեւէ պատիժ չի սահմանվում:

«Ամեն մարդու վրա ալկոհոլը տարբեր կերպ է ազդում, եւ չի կարելի ասել, թե ինչքան կարելի է խմել, որ չտուգանվի»,- հավելեց նա:

Պատասխանելով լրագրողի հարցին` Սերգեյ Ղահրամանյանը ասաց, որ վարորդը պարտավոր չէ կատարել տեսուչի հրահանգը եւ «հո անել». «Ձեր ասած «հո անելը» սխալ է, անընդունելի է: Դուք իրավունք ունեք լիարժեք հրաժարվել «հո անելուց», դա ուղղակի անընդունելի է»: