Search
Close this search box.

Բրիտանիայի արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը հեռացել է Մեծ Բրիտանիայից

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հեռացել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է թագավորական պարտականությունների կատարումից հրաժարվելու մասին։ Ինչպես Reuters-ին հայտարարել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը, Սասեքսի դքսուհին վերադարձել է Կանադա, որտեղ ընտանիքի հետ միասին անցկացրել է սուրբծննդյան արձակուրդները եւ հիմա այնտեղ է որդու հետ։

«Մեգանը վերադարձել է Կանադա, որպեսզի իր երեխայի հետ լինի»,- ասել է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարզվել է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին թողել են իրենց առաջնեկին՝ ութամսյա Արչիին Կանադայում կարճ ժամանակով Մեծ Բրիտանիա վերադառնալուց եւ բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչպես նաեւ համապատասխան պարտականություններից ու արտոնություններից հրաժարվելուց առաջ։

Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, արքայազն Հարին էլի մի ինչ-որ ժամանակ կմնա Միացյալ Թագավորությունում, որպեսզի քննարկի ստեղծված իրավիճակը միապետական ընտանիքի մյուս ներկայացուցիչների հետ, որոնք նախապես տեղեկացված չէին ամուսինների մտադրությունների մասին։