Search
Close this search box.

Բժիշկները պայքարում են նախագահի որդու կյանքը փրկելու համար

Բժիշկները պայքարում են Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Ծոտնե Գամսախուրդիայի կյանքը փրկելու համար, նա երկու բարդ վիրահատության է ենթարկվել եւ ներկայում վերակենդանացման բաժանմունքում է, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

42-ամյա Ծոտնե Գամսախուրդիայի վրա հարձակվել են դեկտեմբերի 19-ի երեկոյան, երբ նա դուրս էր եկել Զեմո Վերա շրջանի Գալի փողոցի իր տնից։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողները մի քանի հոգի էին։

Գամսախուրդիային հասցրել են Խեչինաշվիլու կլինիկա անգիտակից վիճակում, գլխի եւ կրծքավանդակի շրջանում բազմաթիվ դանակահարումներով։

Առաջին նախագահի որդուն անհապաղ վիրահատել են, որպեսզի կանգնեցնեն ներքին արնահոսությունը։ Ինչպես լրագրողներին ասել է վիրաբույժ Գեորգի Գվախարիան, պացիենտը ձախ կրծքավանդակի վերքեր եւ ձախ հեմոպնեւմոթորաքս (արյան եւ մեծ քանակությամբ ազատ օդի առկայություն թոքերում) ուներ։ Անհապաղ տորակոտոմիան հաջող է անցել, եւ արնահոսությունը դադարեցվել է, հեմոդինամիկան կայունացել է։

Արդեն առաջին վիրահատությունից հետո Գամսախուրդիային տարել են համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք։ Պարզվել է, որ պացիենտը ծանր գանգուղեղային վնասվածք ունի։ Ելնելով դրանից՝ պահանջվել է նեյրովիրաբույժների միջամտությունը։ Երկրորդ վիրահատությունը տեւել է ավելի քան յոթ ժամ։

«Պացիենտի վիճակը բավական ծանր է։ Նա բազմաթիվ վիրավորումներ ունի կրծքավանդակում, ինչպես նաեւ գլխուղեղի եւ գանգի վնասվածքներ։ Շատ են հեմատոմաները ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմում։ Վնասված են գանգի ոսկորները… Հեմատոմաները հեռացվել են, կատարվել է դեկոմպրեսիա։ Ուղեղի վիճակը վիրահատությունից, հեմատոմաները հեռացնելուց հետո բավարար է»,- ասել է նեյրովիրաբույժ Արչիլ Ջարշեիշվիլին։

Բժիշկը չի բացառել, որ պացիենտը եւս մեկ վիրահատության կարիք կունենա։

«Պացիենտը վերակենդանացման բաժանմունք է տարվել, արհեստական շնչառության տակ է։ Վիճակն, այնուամենայնիվ, ծանր է, չնայած վիրահատությունը հաջող է անցել։ Նրա կյանքին վտանգ, իհարկե, սպառնում է։ Դա չի նշանակում, թե սպառնալիքները վերացված են։ Գուցե նորից ինչպես գլխի, այնպես էլ սրտի վիրաբուժական միջամտության կարիք առաջանա»,- նշել է Ջարշեիշվիլին։

ԶԼՄ-ները կատարվածի մասին մի քանի վարկած են նշում։ Դրանցից մեկը կապված է Գամսախուրդիայի ընդդիմադիր գործունեության հետ։ Նա սուր քննադատում էր ներկա կառավարության քաղաքականությունը լրատվամիջոցներում եւ սոցցանցերում։

Եվ այնուամենայնիվ, Վրաստանի ՆԳՆ-ում մեկնաբանություններից ձեռնպահ են մնում եւ չեն մեկնաբանում հարձակվողների հնարավոր դրդապատճառները։ Մինչեւ կեսգիշեր քննիչներն աշխատել են հանցագործության վայրում։ «Փիրվելի» հեռուստաընկերության տվյալներով՝ որպես իրեղեն ապացույց ոստիկանները առգրավել են դանակը։